211652_close_icon
views-count714 դիտում article-date 13:53 12-11-2014

ԱԻՆ-ում մեկնարկել է Գլոբալ աղետների գնահատման և համակարգման համակարգի (GDACS) ամենամյա ժողովը

ոյեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարարությունում մեկնարկեց Գլոբալ աղետների գնահատման և համակարգման համակարգի (GDACS) ամենամյա ժողովը: Այս համակարգը հանդիսանում է ՄԱԿ-ի, Եվրոպական հանձնաժողովի և ամբողջ աշխարհում աղետների կառավարման պատասխանատուների համագործակցության մեծ հարթակ` հանկարծահաս խոշոր աղետների առաջին փուլում ազդարարումը, տեղեկատվության փոխանակումը և արձագանքումը կատարելագործելու համար: GDACS-ը հիմնադրվել է 2004 թ. և այս տարին համակարգի համար հոբելյանական է` լրանում է GDACS-ի գործունեության 10 տարին: Ժողովին մասնակցում է շուրջ 10 երկիր (Ռուսաստան, Միացյալ Թագավորություն, Ավստրիա, Չեխիա, Շվեդիա, Թայվան, Հնդկաստան, Հորդանան, Լիբանան, Մակեդոնիա և այլն) և տարբեր միջազգային կազմակերպություններ (ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակ,ԵՄ) ներկայացնող երկու տասնյակից ավելի պատվիրակ: ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի և նախարարության անունից ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը մասնավորապես ասաց. - Միջազգային և մարդասիրական գործողություններն այսօր ավելի հաճախ են արդյունավետ լինում, երբ տուժած երկրի արձագանքման համակարգը բավարար չափով զարգացած չէ կամ աղետի պատճառած վնասը գերազանցում է տվյալ երկրի կարողությունները: Համաշխարհային հանրությունը ստեղծել է աղետների ժամանակ օգնություն ցուցաբերելու մեխանիզմների մի ամբողջ շարք, որտեղ մեծ ներդրում ունի նաև GDACS-ը: Դրա շնորհիվ ամբողջ աշխարհի ԱԻ մասնագետները կարող են տեղեկանալ մոլորակի ցանկացած կետում տեղի ունեցած աղետի մասին, շփվել վիրտուալ տարածքում, կիսվել գաղափարներով ու քննարկել դրանք: Մենք համոզված ենք, որ ձեր կողմից կատարված աշխատանքը շատ կարևոր է ու պիտանի: Մաղթում ենք ձեզ արդյունավետ աշխատանք: Եվրոպական հանձնաժողովից Պիտեր Բիլինգը, որը նաև ղեկավարում է GDACS-ը, իր խոսքում նշեց, որ համակարգը ստեղծման ու կայացման բարդ ճանապարհ է անցել. - Ստիպված էինք պայքարել, ոմանց` համոզել, որ սա անհրաժեշտ է: Սակայն այսօր GDACS-ն ամբողջ աշխարհի համար դարձել է տեղեկատվության փոխանակման առաջնային գործիք, որի բաժանորդների թիվը յուրաքանչյուր տարի ավելանում է մոտ 20 տոկոսով: Կայացման գործում մեզ շատ օժանդակել է նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերը համակարգող գրասենյակը: Մենք գիտենք, որ Հայաստանն այս ոլորտում նույնպես լուրջ առաջընթաց է գրանցել: Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱԻ նախարարությանը մեր ամենամյա ժողովը հյուրընկալելու համար և ձեզ մաղթել նորանոր հաջողություններ: Ժողովի սկզբում GDACS-ի նախագահությունը, մինչ հաջորդ տարի, փոխանցվեց Հայաստանին` ի դեմս ՓԾ փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանի: GDACS-ի կողմից Պիտեր Բիլինգին շնորհակալագիր հանձնվեց` համակարգի կայացման գործում մեծ ներդրման համար: Մեկ այլ շնորհակալագիր շնորհվեց ՀՀ ԱԻ նախարարությանը` ամենամյա ժողովի կազմակերպման համար: Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվելու են խոշոր աղետների ազդարարման, տեղեկատվության փոխանցման և արձագանքման կազմակերպման արդի խնդիրները, հաշվետու տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ոլորտի նոր մոտեցումներն ու արդյունավետության բարձրացման առաջարկները:

Նմանատիպ նյութեր