1019 դիտում
18:22 07-11-2014
Արմավիրի մարզի աշակերտներն այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ Եռաբլուր
Արմավիրի մարզի տարբեր գյուղերի շուրջ 50 աշակերտ նոյեմբերի 6-ին իրենց պատմության ուսուցիչների հետ «Մարզային նախաձեռնությունների եւ զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ այցելել էին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ «Եռաբլուր» պանթեոն։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն աշակերտներին ծանոթացրեց հուշահամալիրի կառուցման պատմությանը, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, անդրադարձավ այլ թեմաների։
Խոսելով Հիշողության ծառուղուց դեպի հուշարձան տանող ճանապարհի մասին՝ պարոն Մանուկյանը նշեց, որ այն երկու խորհրդանիշ ունի. հիշեցնում է Գողգոթայի ճանապարհը, ինչպես նաեւ՝ մահվան երթերը, որոնցով Ցեղասպանության տարիներին հայերը շարժվում էին դեպի Դեր Զոր։ Տեղահանված հայերի մեծ մասը զոհվեց հենց այդ մահվան երթերի ժամանակ։ Եվ ամեն այցելու, գնալով դեպի հավերժ կրակ, որոշ չափով նմանեցնում է այդ երթերին։ Հուշարձանի 12 սյուները տարբեր մեկնաբանություններ ունեն. հուշարձանի համահեղինակ, ճարտարապետ Ս. Քալաշյանի մեկնաբանմամբ՝ այն հիշեցնում է ցավից բացված գերեզման։ Մեկ այլ մեկնությամբ՝ 12 սյուները խորհրդանշում են անմար կրակի վրա լացող մայրերին։ Սուրեն Մանուկյանը նշեց նաեւ, որ կոթողը համարվում է Հայաստանի վերածննդի հուշահամալիր։ «Հայոց ցեղասպանության հիմնական նպատակը հայերին վերացնելն էր, բայց այս հուշահամալիրը, անկախ Հայաստանը, ամեն օր այստեղ այցելող մարդիկ, ապացուցում են, որ հայերի բնաջնջման ծրագիրն իրականացնել չհաջողվեց։ Եվ հայերի ու Հայաստանի վերածնունդը խորհրդանշում է հուշարձանի վեր խոյացող սյունը»,- ասաց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրենը։ Սուրեն Մանուկյանն աշակերտների հետ զրույցում նկատեց, որ Ցեղասպանությունը, ճիշտ է, ցավի ու ողբի պատմություն է, սակայն նաեւ քաջ ու հերոսական մարդկանց պատում է, օտարերկրացիների պատմություն, ովքեր իրենց գործունեությունը կապեցին հայ ժողովրդի հետ՝ փորձելով ինչ-որ չափով օգնել։
Ծիծեռնակաբերդից աշակերտները շարժվեցին դեպի «Եռաբլուր» պանթեոն, որտեղ ծանոթացան այնտեղ հանգչող մերօրյա հերոսների կենսագրությանը, սխրանքներին։Նշենք, որ «Մարզային նախաձեռնությունների եւ զարգացման ծրագրերի կենտրոն» ՀԿ կողմից իրականացվող «Ազգային թեմաների կարեւորությունն ու արդիականությունը դպրոցներում» ծրագիրը նպատակ ունի նպաստել մատաղ սերնդի շրջանում ազգային հարցերի նկատմամբ հետքրքրության աճին՝ բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ուղղված ներկայումս իրականացվող ռազմավարության, պահանջատիրության, ինչպես նաեւ ՀՀ անվտանգության համար ցեղասպանության ճանաչման նշանակության մասին իրազեկվածության մակարդակը:
Նմանատիպ նյութեր
975 դիտում
13:59 07-11-2014
Արմավիրի մարզի աշակերտներն այցելեցին Ծիծեռնակաբերդ և Եռաբլուր
1609 դիտում
15:12 04-04-2014
Դպրոցական տեսուչների նախաձեռնությամբ աշակերտներն այցելեցին Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան. տեսանյութ
1144 դիտում
12:24 06-11-2014
Աշակերտներն այցելեցին պարեկապահակետային ծառայության գունդ. տեսանյութ
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար