211652_close_icon
views-count726 դիտում article-date 20:38 04-11-2014

Քննարկումներ` ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում

Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի եւ Թեւան Պողոսյանի հեղինակած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: «Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչեւ մեկ տարով: Օրակարգի երկրորդ` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված նախագծի հեղինակ Էդմոն Մարուքյանը հիմնավորել է օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը` նշելով, որ այն պայմանավորված է պարտադիր զինվորական ծառայություն անցած եւ բարձրագույն կրթություն ունեցող անձանց որոշակի արտոնություն տալու հետ: Նախագծով առաջարկվում է, որ առաջին անգամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու նպատակով թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել նաեւ պարտադիր զինվորական ծառայություն անցած, բարձրագույն կրթություն ունեցող անձը, որի պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը կհամարվի պետական կառավարման ոլորտի ստաժ` այդ կերպ չսահմանափակելով նրանց` թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթներին համապատասխան ստաժ ունեցող քաղաքացիների հետ հավասարապես մասնակցելու հնարավորությունը: Ըստ նրա՝ սա նաեւ յուրատեսակ խթան կլինի պարտադիր զինվորական ծառայությունից չխուսափելու համար: Առաջարկի վերաբերյալ ՀՀ կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն ստացել է դրական եզրակացություն. այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Հանձնաժողովի որոշմամբ առաջիկայում կանցկացվեն խորհրդարանական լսումներ:

Նմանատիպ նյութեր