Նախկին գերի Հակոբ Ինջիղուլյանը մոտ 1 ամսից կշարունակի զինծառայությունը
2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ հոկտեմբերի 2-ին 3-րդ երկրից հայրենիք տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը հավանաբար 1 ամսվա ընթացքում արդեն կմեկնի զինվորական ծառայության: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշեց, որ մի քանի հետազոտություններ էլ Հակոբը պետք է անցնի, որից հետո նոր միայն կարող է գնալ ծառայությունը շարունակելու:
Մինչեւ այդ հայտնել էինք, որ Հակոբը շարունակելու է ծառայությունը: Տեղեկացրել էինք նաեւ, որ նրա մոտ վեգետատիվ-անոթային դիստոնիա է ախտորոշվել, որը տեւական սթրեսի հետեւանք է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը: Նա նշել էր, որ դրան գերության մեջ երկար ժամանակ գտնվելն ու սթրեսային իրավիճակն է նպաստել:
Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով, Հակոբի մոտ նաեւ քթի միջնապատի ձեւախեղում է հայտնաբերվել՝ շնչառական ֆունկցիայի խախտմամբ: «Ապրումների հետեւանքով սրված տեսողության հետ կապված խնդրի եւս կա ընդհուպ մինչեւ տեսողության ժամանակավոր կորուստ»,- նշել էր նյարդաբանության կլինիկայի ղեկավարը:
Էլ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Հակոբ Ինջիղուլյանը Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Լրագրողների հետ զրույցում նախկին ռազմագերին ասել էր, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել: Նրան ծեծել են, հայհոյել ու ծաղրել: «Ասել են` մեր ասածներով եթե չանես, Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի օրը կընկնես՝ կսպանվես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ»,- պատմել էր Հակոբը եւ ավելացրել, որ ցանկանում է շարունակել ծառայությունը: