211652_close_icon
views-count1397 դիտում article-date 13:31 30-10-2014

Մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Դրանք ներառում են մի քանի ուղղություններ. բազմաբնակարան բնակելի շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի ջերմամեկուսացում, ամառվանից դեռ անավարտ մնացած արտաքին ջրթափ խողովակների, ինչպես նաև հարթ և թեք տանիքների նորոգում, շքամուտքերի հարկաբաժինների ապակեպատում, մուտքերի դռների տեղադրում: Գործընթացը հիմնականում իրականացվում է համատիրությունների ուժերով: Զուգահեռաբար վարչական շրջաններում աշխատանքներ են տարվում հատուկ տեխնիկայի կարգաբերման ուղղությամբ: Ձմեռային ամիսներին օգտագործվող շուրջ 180 միավոր մեքենամեխանիզմների անխափան աշխատանքն ապահովելու համար ձեռք կբերվեն անվադողեր, մարտկոցներ և այլ բաղադրիչներ, ինչպես նաև ձմեռային արտահագուստ`սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցների համար: Մոտ օրերս կապահովվի նաև տեխնիկական աղի և ավազի անհրաժեշտ խմբաքանակը, սակայն, կախված տեղումների հաճախականությունից, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ համալրումներ կլինեն: Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին ձմռան ամիսներին անխափան երթևեկություն ապահովելու նպատակով ամառային անվադողերը փոխարինել ձմեռայիններով: Այս օրերին տնտեսվարող սուբյեկտներին նաև հերթական ծանուցումներն են ուղարկվում` հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, իսկ ձմռան ամիսներին՝ նաև ձնամաքրման աշխատանքները պատշաճ ապահովելու վերաբերյալ Երևանի ավագանու որոշման մասին:

Նմանատիպ նյութեր