Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ի պատիվ հայ բռնցքամարտիկների կծածանվի նաև հայոց եռագույնը
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը աստիճանաբար մոտենում է եզրագծին: Այսօր կայացան ¼ եզրափակիչ մենամարտերը: Հայ մարզիկներից 1/4 եզրափակչի արգելքը հաղթահարեցին 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը և 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը , ովքեր դուրս գալով կիսաեզրափակիչ առնվազն ապահովեցին բրոնզե մեդալը: Կիսաեզրափակչի ճանապարհին Ալեն Դանիելյանը գեղեցիկ ոճով հաղթեց հունգարացի Դավիթ Կովաչին, իսկ Սերյոժա Հակոբյանը պարտության մատնեց բելառուս Ռոման Կարաչանին: Կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելուն մոտ էր նաև 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, ում ընդամենը մի քանի միավոր չբավարարեց Ռուսաստանը ներկայցնող Իվան Կոզլովսկու հետ պայքարում:
Հարկ է նշել, որ սա Արարատ Գյուլբանգյանի առաջին մրցելույթն էր նման հեղինակավոր մրցաշարերում: Լավ հանդես եկավ նաև գերծանր քաշային Գնել Մուրադյանը, սակայն վերջինս վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել 1/4 եզրափակիչ մենամարտին: