211652_close_icon
views-count1051 դիտում article-date 10:15 17-10-2014

Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Ալեքսանդր Նեկրասովի անհատական ցուցահանդեսը

Ս. թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Ալեքսանդր Նեկրասովի «ԶԻ Հողմ ուր Կամի Շնչե» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև ս. թ. նոյեմբերի 3-ը: Հայաստանի ազգային պատկերասրահում Ալեքսանդր Նեկրասովի անհատական ցուցահանդեսը կազմակերպվում է առաջին անգամ. շուրջ 30 գեղանկար և 20 գծանկար աշխատանքներով ռուս արվեստագետը կներկայանա հայ արվեստասեր հասարակությանը: Դրանցում արվեստագետի այն վարպետությունն է, ինչի շնորհիվ կտավի մակերեսին գույնով և գծով ձևագոյանում է զգացումը, ներքին ապրումներն ու լիցքերը: Վրձնի ընդհանրացումներով նա կերտում է հոգևոր աշխարհ և այն մատուցում դիտողին: Նեկրասովը գեղեցիկը տեսնում է հոգևորում և այդ տեսակետից է կերտում իր արվեստը: Ընդհանրացումներ, մանրամասների, որոշակի դետալ­ների մերժում և այդպիսով հիմնականի, կարևորի շեշտադրում, ահա Ալեքսանդր Նեկրասովի կատարողականի ընտրությունը: Եվ որքան էլ արտահայտչամիջոցները թվում են զուսպ, այդուհանդերձ նրա ստեղծագործությունների ընդհանուր մթնոլորտում ընկալելի է ներքին լարվածություն, որի զգայական վեկտորները սկիզբ են առնում այն խորհրդավորությունից, ինչով պարուրված են դրանք: Ալեքսանդր Նեկրասովը առաջին անգամը չէ, որ Հայաստանում է: Նա ցուցահանդեսներով հանդես է եկել Ռուսական արվեստի և Ժամանակակից արվեստի թանգարաններում: Բայց նրա կապերը հայկակակ հողի և հայության հետ ավելի վաղուցվա պատմություն ունեն. ուսանողական տարիներին աշակերտել է տաղանդավոր նկարիչ Գերաս Գյոկչակայանի մոտ: Հետագայում, երբ հայազգի նկարչի գործերն անցել են նրա տնօրինությանը, Նեկրասովը դրանք նվիրել է Ցարսկոյե Սելոյում իր իսկ կողմից հիմնադրված ժամանակակից արվեստի թանգարանին: Եվս մեկ ամուր կապ Հայաստանի հետ` Նեկրասովի մայրն էր, ով երկար տարիներ ապրել է Երևանում, որտեղ նկարիչը հարազատներ ունի:

Նմանատիպ նյութեր