211652_close_icon
views-count1018 դիտում article-date 13:49 14-10-2014

Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է, և մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը. Լոռա Թաք

Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի գործադիր կառավարիչ, գլխավոր ֆինանսիստ Բերտրան Բադրեի և ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքի հետ: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և նշել, որ 20 տարվա փոխգործակցության ընթացքում ՀԲ-ն կարևոր դեր է ունեցել Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացում` շուկայական տնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից մինչև բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված տնտեսական քաղաքականության մշակում և իրականացում: «Հավատարիմ մնալով բարեփոխումների որդեգրած օրակարգին՝ մենք շարունակելու ենք երկրի մրցունակության բարձրացմանը և տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերը»,-նշել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ ՀԲ հետ հետագա համագործակցությունը պետք է ընդլայնվի և ընդգծել, որ մեր ծրագրերը կշարունակեն պահպանել տարածաշրջանի ամենաբարձր կատարողական մակարդակը՝ հետևողականորեն զարգացնելով տնտեսությունը և նվազեցնելով աղքատությունը: ՀԲ գործադիր կառավարիչ Բերտրան Բադրեն, կարևորելով փոխգործակցության շարունակականությունը, նշել է. «Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է, և մենք ուրախ ենք շարունակելու համագործակցությունը երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»: ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքը, գերազանց գնահատելով Հայաստանի պորտֆելի կատարողականը, շեշտել է. «Համաշխարհային բանկը շարունակելու է օժանդակությունը Հայաստանին և օգնելու է առաջ մղել բարեփոխումները»: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կարևորություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր