211652_close_icon
views-count1252 դիտում article-date 12:00 14-10-2014

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ եռյակի ուժերը չունեն միասնական օրակարգ Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում իր ելույթն անավարտ թողած Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հարցազրույց է տվել ոչ ընդդիմադիր համարվող լրատվամիջոցներից մեկին` հայտարարելով, թե եռյակի ուժերը չունեն միասնական օրակարգ: Այն, որ դա այդպես է, տեսանելի էր դեռ հանրահավաքի ընթացքում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին, ըստ էության, անվանեց «մարդկանց մտքերը պղտորող», որի «ջղաձգումներն արդեն զավեշտի են վերածվում»: Նա, իհարկե, ԵՏՄ-ի անդամակցության «անշրջելի գործընթացին» ընդդիմացող «երկու-երեք տասնյակ մարդկանց» թվում չտվեց անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, բայց դրա կարիքը չկար էլ, քանզի Տեր-Պետրոսյանից ընդամենը մի քանի րոպե առաջ ունեցած իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ-ին անդամակցության որոշումը գնահատել էր որպես «Հայաստանի անկախության վաճառք»: Ուստի ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի կոշտ որակումները վերաբերում էին նաև (եթե ոչ՝ առաջին հերթին) ԵՏՄ-ի մասին չխոսելու` կանխավ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտած Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց այս տարակարծությունը եռյակի ուժերի միջև առկա խնդիրներից, թերևս, ամենահեշտ լուծելին է: 2013թ-ին իր «հաղթանակը Մոսկվայից բերելու» գնացած Րաֆֆի Հովհաննիսյանի համար դժվար թե մեծ խնդիր լինի ԵՏՄ-ի հարցով այլևս իր «ջղաձգումներն» ի ցույց չդնելը: Ի վերջո, եթե նա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այդքան հեշտությամբ մոռացավ, թե ինչպես էր 2011-ին նույն այդ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Լևոն Տեր-Պետրոսյանը քամահրանքով հրաժարվում իր ծոմապահ ձեռքը սեղմելուց»,- ապա թերթը հավելում է. «Այլ հարց է, թե դեռ որքան և ինչ չափով է ՀԱԿ առաջնորդը ցանկանում Րաֆֆուն տեսնել եռյակի մեջ: Դրա համար, ինչպես արդեն նշել ենք, նա ունի շատ ավելի համեստ և նախագահական ամբիցիաների մասին արդեն մոռացած Ստեփան Դեմիրճյանին, որին էլ շտապեց բերել հարթակ` այդպիսով, ըստ էության, նախապատրաստելով Րաֆֆու անցնցում փոխատեղումը: Իր երեկվա «նախազգուշական հարցազրույցով» Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իսկ ուրվագծել է նման հեռանկարի՝ թեկուզև դեռ փոքր, բայց առկա հավանականությունը: Այդ թվում նաև շեշտելով, որ իր համար կարևոր է ոչ թե ԲՀԿ և ՀԱԿ առաջնորդների կողմից «իշխանափոխություն բառի արտասանումը, այլ ժողովրդին հուսախաբ չանելը»: Ասել է թե` նա արդեն իսկ հրապարակավ կասկածի տակ է դնում եռյակի իր դաշնակիցների` ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի առաջնորդների անկեղծությունը իրենց իսկ կուսակիցների կողմից ավելի վաղ հայտարարած իշխանափոխության միասնական օրակարգի իրականացման հարցում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր