211652_close_icon
views-count793 դիտում article-date 18:30 13-10-2014

Ասորի Ուղղափառ եկեղեցու հովվապետն այցելեց Մայր բուհ

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Անտիոքի եւ Համայն Արեւելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի հետ: Ասորի ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետին ուղեկցում էին Տրիպոլիի եւ Լեռնային Լիբանանի արքեպիսկոպոս, Ս. Սինոդի գլխավոր քարտուղար Մոր Թեոփիլոս Սալիբան, Հոմսի արքեպիսկոպոս Մոր Սիլվանոս Բուտրոս ալ Նեհմեհը, պատրիարքական քարտուղար Մոր Տիմոթեոս Մաթթա ալ Խուրին, Հայր Կարլոս Բաբին եւ Հայր Ջոզեֆ Բալին: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին եւ շնորհակալություն հայտնեց Մայր բուհ այցելելու եւ համալսարանականների հետ հանդիպելու համար: «Ողջունում եմ Նորին Սրբությանը, մաղթում առողջություն, երկար տարիների կյանք եւ տոկունություն իր շատ դժվարին, սակայն շատ պատվաբեր եւ անհրաժեշտ ծառայության մեջ»,- նշեց Արամ Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորը հանդիպման մասնակիցներին հակիրճ ներկայացրեց նաեւ Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի կենսագրական որոշ տվյալներ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ասորի ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետն ուրախությամբ ընդգծեց, որ ընտրվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցն է, եւ ուրախ է, որ այն կատարել է հենց Հայաստան, քանի որ տարիներ շարունակ վայելել է հայ ժողովրդի եւ Հայ առաքելական եկեղեցու բարեկամությունն ու աջակցությունը: Այնուհետեւ անդրադառնալով Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում տեւական ճգնաժամի եւ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված ծանր իրադրությանը՝ Ասորի ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետը նշեց, որ այդ իրավիճակը որպես սեփական ցավ է ընդունվում ինչպես հայ, այնպես էլ ասորի ժողովուրդների կողմից: «Սիրիան բազմաթիվ հայերի ու ասորիների համար երկրորդ հայրենիք է: Ցավով պետք է նշեմ, որ այսօր Սիրիայի հայկական եւ ասորական համայնքներն այդ երկրի ժողովրդի հետ շարունակում են մարդկային եւ նյութական մեծ կորուստներ կրել»,- ընդգծեց Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը։ Ասորի ուղղափառ եկեղեցու հոգեւոր պետը նշեց նաեւ, որ հայ եւ ասորի քույր եկեղեցիները հիմնված են միեւնույն քրիստոսաբանության ու սրբազան ավանդության վրա եւ դարեր շարունակ գործել են կողք կողքի՝ իրենց նպաստը բերելով երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը: Ելույթից հետո համալսարանականները մի շարք հարցեր ուղղեցին հյուրին, ինչից հետո Արամ Սիմոնյանն Ասորի ուղղափառ եկեղեցու հովվապետին հանձնեց ԵՊՀ հուշամեդալ, հայ նկարիչ Շմավոն Շմավոյանի գործերի ալբոմը եւ այլ հուշանվերներ: Հավելենք, որ եռօրյա այցի շրջանակներում Անտիոքի եւ Համայն Արեւելքի նորընտիր Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը եւ պատվիրակության մյուս անդամները հանդիպումներ են ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Նմանատիպ նյութեր