211652_close_icon
views-count1087 դիտում article-date 20:03 18-01-2024

Արամ Ա-ն Ասորի ուղղափառ եկեղեցու պետի հետ անդրադարձել է տարածաշրջանում ստեղծված տագնապալի իրավիճակին

Արամ Ա Վեհափառ Հայրապետը Անթիլիասում հանդիպել է Ասորի ուղղափառ եկեղեցու պետ Արամ Բ․ պատրիարքին։ Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․

«Հինգշաբթի, 18 Յունուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ ասորի ուղղափառ եկեղեցւոյ պետ Ն.Ս. Աֆրամ Բ. Պատրիարքին միջեւ հանդիպում մը կայացաւ Անթիլիասի Մայրավանքին մէջ։ Հանդիպումին Պատրիարքին կողքին ներկայ էին Պէյրութի առաջնորդ Դանիէլ Արք. Քուրիէն եւ Պատրիարքի օգնական Ժոզէֆ Եպս. Պալին. իսկ Հայրապետին կողքին՝ Մայր Տաճարի լուսարարապետ Գերշ. Տ. Կոմիտաս Արք. Օհանեան եւ «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու երկու եկեղեցիներու գործակցութեան, շարք մը միջ-եկեղեցական բնոյթ ունեցող հանդիպումներու ու ծրագիրներու եւ ընդհանրապէս Միջին Արեւելքը դիմագրաւող ներկայ տագնապներու առնչուած հարցեր։

Ապա, Պատրիարքն ու ներկաները ճաշի հիւրը եղան Վեհափառ Հայրապետին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր