Եթե վերադառնանք Բաթու խանի ժամանակները, ապա ՌԴ-ի՝ գործնականում ողջ տարածքը պետք է հանձնենք Մոնղոլիային. Լուկաշենկո. տեսանյութ
Բելառուսական BELTA լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օրեր առաջ Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել Ղրիմի վերաբերյալ.
«Մենք չենք ցանկացել ուկրաինական պետության կործանում: Այստեղ շատերն ասում են, որ Ղրիմը ժամանակին սխալմամբ է անցել Ուկրաինային, որ դա բնիկ ռուսական տարածք է և այլն: Դա ճիշտ մոտեցում չէ: Եկեք վերադառնանք Բաթու խանի ժամանակները, մոնղոլ-թաթարական լծի ժամանակները:
Այդ դեպքում անհրաժեշտ է Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի, Արևմտյան Եվրոպայի գործնականում ողջ տարածքը հանձնել Ղազախստանին, Մոնղոլիային և էլի մեկ ուրիշի՝ բացառությամբ Բելառուսի, քանի որ նրանք ժամանակին հասել են մեզ մոտ, սակայն ձեռք չեն տվել մեզ:
Դրա համար էլ անիմաստ է վերադառնալ անցյալում տեղի ունեցածին: Սահմանների վերափոխումն անկարելի է, քանի որ մենք ընդունել ենք բազմաթիվ նորմատիվա-իրավական ակտեր, որոնք հստակեցնում են սահմանների կայունությունն ու անխախտությունը: Անթույլատրելի է: Դրա համար էլ մենք հավատարիմ ենք մնում դրան և չենք պատրաստվում ճանաչել ում որ պատահի (Նովոռոսիային)»:
Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ անգամ Ռուսաստանը չի ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները: