ԱՄՆ-ը Ռուսաստանին զրկել է առևտրային արտոնություններից
ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես զրկել են առևտրային արտոնություններից: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տան կայքը:
Վաշինգտոնի կարծիքով` Ռուսաստանը տնտեսական առումով բավական զարգացած է և մշտապես կատարելագործում է առևտրային մրցունակությունը, մինչդեռ առևտրային արտոնությունները նախատեսված են ավելի պակաս զարգացած երկրների համար:
Այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է Ռուսաստանին զրկել առևտրային մի շարք արտոնություններից, հայտնի է դարձել դեռևս 2014 թվականի մայիսին:
Այն ժամանակ Կոնգրեսին հղած համապատասխան դիմումում Օբաման նշել էր, որ թեև արտոնություններից զրկելն անմիջականորեն կապված չէ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունների հետ, նման որոշման ընդունումը կլինի տեղին ներկա փուլում: