ԵՄ-ի երկրներն ԱՄՆ-ի ճնշման ներքո են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Բայդեն
ТАСС-ի հաղորդմամբ՝ ԵՄ-ի երկրները չեն ձգտել Ուկրաինայի դեպքերի կապակցությամբ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և այդ քայլին գնացել են միայն Վաշինգտոնի ուժգին ճնշման ներքո: Այս մասին Հարվարդի համալսարանում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը Ռուսաստանին դրել է պարզ ընտրության առջև. հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը կամ էլ բախվել ավելի լուրջ հետևանքների. «Դա մեզ հնարավորություն տվեց միավորել հիմնական տնտեսապես զարգացած երկրները՝ Ռուսաստանին հարկադրելու համար վճարել իրական գին:
Դա ճիշտ է, որ նրանք (ԵՄ-ի երկրները) չեն ցանկացել դա, սակայն Ամերիկան ստանձնել է առաջնորդի դերն ու ԱՄՆ-ի նախագահը պնդել է դա: Երբեմն նա անգամ ստիպված է եղել Եվրոպան դնել անհարմար դրության մեջ, որպեսզի նրանք տնտեսական վնաս կրելու ռիսկով հանդերձ սկսեն գործել՝ Ռուսաստանին ստիպելու համար վճարել»: