Ուկրաինայում հրադադարի խախտումը կարող է հանգեցնել աղետի. Բան Կի Մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Դոնեցկի դպրոցի հրետակոծումն ու Կարմիր խաչի աշխատակցի զոհվելը վկայում են Ուկրաինայում հրադադարի փխրունության մասին, որի խախտումը կարող է հանգեցնել աղետի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Բան Կի Մունը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում բախումների սրման և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ: Նա կոչ է արել ապահովել տարածաշրջանի անվտանգությունը, որպեսզի հումանիտար կազմակերպությունները կարողանան օգնել բոլոր կարիքավորներին:
Բան Կի Մունն ակնկալում է, որ շահագրգիռ բոլոր կողմերը պետք է հաստատեն սեպտեմբերի 19-ին ստորագրված Մինսկյան հուշագրով ստանձնած պարտավորություններին հավատարիմ լինելը՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Բան Կի Մունն անհրաժեշտ է համարել, որ կողմերն անհապաղ կրկնապատկեն տվայալ ուղղությամբ քաղաքական ու դիվանագիտական ջանքերը: