Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ հակամարտությանը. ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար
Յենս Սթոլտեբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում տվել է իր առաջին մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնել է Reuters-ը: Սթոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն իր առջև չի դրել Ռուսաստանի հետ հակամարտելու առաջադրանք.
«Մենք չենք ձգտում Ռուսաստանի հետ հակամարտությանը: ՆԱՏՕ-ի ամրապնդումը չի հակասում Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու դաշինքի անդամ երկրների ցանկությանը»:
Սթոլտենբերգը հայտարարել է, որ իրենք պատրաստ են դիտարկել ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի նիստ գումարելու դիմումը, եթե ստացվի նման դիմում: Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամի սկսվելուց հետո կայացել է ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի երկու հանդիպում:
Նորվեգիայի արդեն նախկին վարչապետ Յենս Սթոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գործառույթների կատարմանը ձեռնամուխ է եղել այսօր: Այդ պաշտոնում նա փոխարինել է դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենին, ով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էր 2009 թվականից: