211652_close_icon
views-count1332 դիտում article-date 17:46 29-09-2014

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Զախար Բրոնը, Վահագն Պապյանն ու Մոնե Հաթորին՝ հայկական բեմում

աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնի և մեծանուն դաշնակահար Վահագն Պապյանի համերգը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ: Համերգին, որ կայանալու է Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում և նվիրվելու է ջութակահար Ավետ Գաբրիելյանի 115-ամյակին, մասնակցելու է նաև 15-ամյա հանրահայտ ջութակահար Մոնե Հաթորին: Այդ մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Խոսելով Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի մասին՝ Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ համերգները բավականին խիտ են, հրավիրվել են շատ հայտնի մենակատարներ, որոնք մեծ պահանջարկ ունեն աշխարհում և տարեկան 100-150 համերգ են տալիս։ Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ մեծ պատասխանատվությամբ է մոտենում վաղվա համերգին, քանի որ ինքը նույնպես ժամանակին սովորել է Զախար Բրոնի մոտ։ Զախար Բրոնը Հայաստանում 2-րդ անգամ է, առաջին անգամ եղել է 30 տարի առաջ։ Ասում է, որ Մոսկվայում սովորելու տարիներին բախտ է ունեցել հաճախ լինել Արամ Խաչատրյանի դասարանում։ «Նրա աշակերտների հետ շատ կապված էի, և հաճախ էի լինում նրա դասերին։ Իհարկե առանձնահատուկ գեղարվեստական անհատականություն էր Արամ Խաչատրյանը։ Շատ կոլորիտային մարդ էր»,- ասաց Զախար Բրոնը։ Խոսելով երիտասարդների հետ շփումների մասին՝ երաժիշտը նշեց, որ երիտասարդ տաղանդների հետ հանդիպելիս կարծես վերածնվում ես. «Ի հայտ են գալիս թարմ գաղափարներ, և աշխատում եմ դրանք կյանքի կոչել՝ հօգուտ իմ երիտասարդ գործընկերների։ Այդպիսով ես դառնում եմ ավելի հարուստ»։ Ասուլիսից անմիջապես հետո Բրոնը վարպետության դաս անցկացրեց երիտասարդ ջութակահարների հետ։ Դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը նշեց, որ համագործակցության փորձ ունի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Երիտասարդականի հետ աշխատելուց հաճույք է ստանում։ «Մեծ ջանքով աշխատելը բնորոշ է միայն երիտասարդական նվագախմբերին»,- ասաց Վահագն Պապյանը։ Անդրադառնալով Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին՝ նա ասաց, որ յուրաքանչյուր երաժշտական միջոցառում, որ նվիրված է Արամ Խաչատրյանին, մեր ժողովրդի և երաժիշտների տուրքն է մեծ կոմպոզիտորին։ Ճապոնացի 15-ամյա հանրահայտ ջութակահար Մոնե Հաթորին ասուլիսում ի պատասխան լրագրողների հարցին նշեց, որ Արամ Խաչատրյանի գործերն առայժմ չի կատարել, սակայն սիրում է նրա ստեղծագործությունները։ Խոստացավ սովորել և նվագել Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Նշենք, որ Մոնե Հաթորիի հայրը և պապը Ճապոնիայի հայտնի կոմպոզիտորներից են։ Սեպտեմբերի 30-ին կայանալիք համերգին սպասվում է հետաքրքիր ծրագիր՝ Յոհան Սեբաստիան Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի, լարային նվագախմբի և բասսո կոնտինուոյի համար (մենակատարներ՝ Զախար Բրոն՝ ջութակ/Գերմանիա, Մոնե Հաթորի՝ ջութակ/Ճապոնիա), Հենրիկ Վենյավսկու Ջութակի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Մոնե Հաթորի՝ ջութակ/Ճապոնիա), Էդվարդ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Վահագն Պապյան՝ դաշնամուր/Իսրայել)։

Նմանատիպ նյութեր