211652_close_icon
views-count1120 դիտում article-date 17:17 29-09-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Էրվե Փիշոնին: Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում Ֆրանսիայի ամենամտերիմ ու հավատարիմ գործընկերն է: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության նախարարությունը շատ է կարևորում ֆրանսիական կողմի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Իր հերթին պարոն Էրվե Փիշոնը համառոտ ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը, տեղեկացնելով, որ այն ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին նմանատիպ կառույց է: Նրա տեղեկացմամբ`Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտը հավաքագրում է աշխարհագրական տվյալներ, մասնավորապես` պտղատու և խաղողի այգիների, վարելահողերի և այլ հանդակների վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել նաև գյուղատնտեսության բնագավառում: Պարոն Փիշոնը համոզմունք է հայտնել, որ ինստիտուտի հավաքագրած և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ունեցած տվյալների համադրման արդյունքում հնարավոր կլինի ստանալ առավել ստույգ աշխարհագրական տեղեկություններ: Հյուրն անդրադարձել է նաև Հայաստանում նման ծրագրի իրականացման ֆինանսավորման հարցին և նշել, որ Ֆրանսիայի կառավարությունը հարավկովկասյան երկրների համար հատկացրել է ֆինանսական միջոցներ` նախնական բանակցություններ վարելու և համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է այս նախաձեռնությունը Հայաստանում իրականացնելու առաջարկը, նշելով, որ նման աշխատանք արդեն կատարվել է գերմանական GIZ կազմակերպության կողմից, և այսօր արդեն հայտնի է հանրապետության անտառային տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը: «Մեզ համար շատ կարևոր է ունենալ հանրապետության խաղողի և պտղատու այգիների, վարելահողերի, դրանց օգտագործման մակարդակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ: Ելնելով հարցի կարևորությունից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցել ծրագրի իրագործմանը՝ նրա բոլոր փուլերում», - նշել է նախարարը: Պարոն Փիշոնի խոսքերով` անհրաժեշտ ուսումնասիրություններից և Հայաստանի համար կարիքների հստակեցումից հետո անհրաժեշտ կլինի ստանալ պաշտոնական հայտաձև Ֆրանսիայի կառավարության կողմից ծրագրի ամբողջական ֆինանսավորումն ապահովելու համար:

Նմանատիպ նյութեր