211652_close_icon
views-count1478 դիտում article-date 12:25 26-09-2014

Միլաս Մանասյանի «Գանձասար» սիմֆոնիայի շնորհանդեսը նվիրվում է Արցախի թեմի վերաբացման 25–ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Կադանս» կենտրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 28-ին Արցախի հոգևոր կենտրոն Գանձասար վանական համալիրի տարածքում տեղի կունենա արցախցի կոմպոզիտոր Միլաս Մանասյանի «Գանձասար» սիմֆոնիայի շնորհանդեսը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ (երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան): Մ. Մանասյանի «Գանձասար» սիմֆոնիան ձայնագրվել է 2012 թվականին. սիմֆոնիայի շնորհանդեսը նվիրվում է անկախությունից հետո Արցախի թեմի վերաբացման 25–ամյակին: Հոբելյանական հանդիսությունների շարքում Շուշի քաղաքի կերպարվեստի պետական թանգարանում նախատեսվում է նաև Ա. Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատարների անսամբլի կամերային երաժշտության համերգը: Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Միլաս Մանասյանը ծնվել է 1942 թվականի օգոստոսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարին տակ գյուղում: Մասնագիտական կրթություն ստացել է Երևանի պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Ռ. Աթայանի ստեղծագործական դասարան): Մ. Մանասյանն իր ստեղծագործական գործունեության ընթացքում թողել է երաժշտական և գրական մեծ ժառանգություն. «Անուրջներ» բալետը, «Կյանքի ռիթմեր» բալետ-պոեզիան, հինգ սիմֆոնիա, կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար, լարային կվարտետ, դաշնամուրային տրիո, «Մտորումներ և Արևելյան մեղեդիներ» դաշնամուրային ցիկլը, մանրանվագներ, մշակումներ՝ տարբեր նվագարանների համար, հարյուրից ավելի երգերի և ռոմանսների հեղինակ է: Մ. Մանասյանը 1989 թվականից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, հեղինակ է երկու վեպի, դրամաների, պոեմների և պատմվածքների: Կոմպոզիտոր Մ. Մանասյանը մահացել է 2014 թվականի հուլիսի 3–ին:

Նմանատիպ նյութեր