211652_close_icon
views-count854 դիտում article-date 18:52 25-09-2014

Կարևորվել է սոցիալական ոլորտի օրենսդրությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սոցիալական ոլորտի վեց, առողջապահության ոլորտի մեկ, գիտության ոլորտի մեկ, ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտի մեկ ծրագրի, Սևանա լճի, Գյումրի քաղաքի վերականգնման 2015թ. ծրագրերի նախագծերին և դրանք «ՀՀ 2015թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի կազմում կներկայացնի ՀՀ Ազգային ժողով: Նիստում հավանություն է տրվել «Ֆինանսական համահարթեցման մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների, ևս երկու օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացություններին: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով կհստակեցվի կառուցվածքային այն ստորաբաժանումը, որն իրավասու է քննել օրենսգրքի 195.1-196-րդ և 201-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումները: Նիստում հավանություն է ստացել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել հանրային իրավական դրամական պահանջների գործերով ներկայումս առկա բացերը, առանձին դեպքերի համար ունենալ հանրային իրավական դրամական պահանջների կատարման դատական կարգ՝ միաժամանակ պահպանելով ընդհանուր արտադատական կարգը: Գործադիրը քննարկել է «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» օրենքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Առաջարկվում է փոխհատուցում տրամադրել բռնությամբ կատարած հանցագործության զոհերին՝ եթե հանցագործություն կատարած անձը չի բացահայտվում կամ նա անհասանելի է ՀՀ իրավապահ մարմինների համար, կամ մահացել է, կամ անվճարունակ է: Կառավարության եզրակացության համաձայն քրեական դատավարության գործող օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է պատճառած վնասի փոխհատուցում, ուստի նախագծերի փաթեթն ընդունելի չէ և լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Նիստում քննարկվել է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը նույնպես օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Քանի որ ս.թ. դեկտեմբերի 31-ին լրանում է օրենքի գործողության ժամկետը, հեղինակներն առաջարկում են այն երկարաձգել չորս տարով: Ըստ կառավարության եզրակացության, նշված օրենքը հռչակագրային բնույթ ունի և դրա գործողության ժամկետի երկարացումն արդյունավետ և նպատակահարմար չէ: Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Նմանատիպ նյութեր