Կապանի 2 մանկապարտեզներ նոր գույք ստացան
Սեպտեմբերի 25-ին Կապանի թիվ 12 եւ 13 մանկապարտեզներ են այցելել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը: Օրեր առաջ ընկերության կողմից նախակրթարաններին տրամադրվել է նոր գույք` 38 հատ մահճակալ, որից 15-ը` երկհարկանի, 23 հատ երկտեղանոց պահարան եւ 100 հատ աթոռ, որոնց կարիքն ունեին նախակրթարանները:
170 սան ունեցող թիվ 13 մանկապարտեզում քաղաքապետը գլխավոր տնօրենի հետ քննարկեց նոր խմբասենյակի բացման համար անհրաժեշտ տարածքի նորոգման խնդիրը: Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Ստեփանյանի խոսքով խմբերը գերծանրաբեռնված են եւ նոր խմբասենյակի բացումը խիստ անհրաժեշտ է: Թիվ 12 մանկապարտեզը, ուր հաճախում է 120 երեխա, նոր տարածքի խնդիր ունի: Քաղաքապետի հավաստմամբ տարածքն արդեն ընտրված է, հետագա աշխատանքներն ընթացքի մեջ են: