211652_close_icon
views-count1821 դիտում article-date 23:11 24-09-2014

«Երկու ժամ Վարդապետի աշխարհում» խորագրով համերգ-ցուցադրություն՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում

Ս. թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասյան սրահում տեղի կունենա Կոմիտասի ծննդյան 145 ամյակին նվիրված «Երկու ժամ Վարդապետի աշխարհում» համերգ-ցուցադրությունը: «Կոմիտաս. Հայտնի և անհայտ» խորագիրը կրող ցուցադրության մեջ ներկայացված ավելի քան վեց տասնյակ նյութերի զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ: Կոմիտասի կյանքը և ստեղծագործությունները երևի թե ամենից շատ են ուսումնասիրվել, ընթերցվել, լուսաբանվել, մեկնաբանվել և հրատարակվել, բայց այդ ամենով հանդերձ Կոմիտասը որպես երևույթ շատ անհայտներ ունի իր մեջ: Այս ցուցադրությամբ փորձ է արվել ուսումնասիրողներին ուղղորդել դեպի այդ անհայտների բացահայտումը: Ասվածի վառ օրինակ է Կոմիտասի ինքնակենսագրականների երեք՝ բոլորովին տարբեր օրինակները, ֆրանսիացի կոմպոզիտորիների կողմից արված կոմիտասյան երկերի մշակումները, «Հայ քնար» միաձայն երգերի առաջին տասնյակի մակետը և այլն: Առաջին անգամ ցուցադրվում են մի շարք լուսանկարներ, որոնցից ուշադրության են արժանի հատկապես Պողոսյան վարժարանում Կոմիտասի լուսանկարը ուսուցիչների հետ՝ արված 1911 թ., Կոմիտասի ազգականների խմբանկարը (պատճեն), Կոմիտասի աշակերտներից երեքի՝ Բարսեղ Կանաչյանի, Վարդան Սարգսյանի և Միհրան Թումաճյանի ջանքերով կազմած 400 երգիչներից բաղկացած երգչախմբի լուսանկարը, որն արվել է 1919 թ. Պոլսի համերգից հետո: Քիչ ցուցադրված մասունքներից է նաև Կոմիտասի բրոնզաձույլ մահադիմակը: Կոմիտասի նորովի բացահայտմանն են ուղղված լինելու թավջութակահար, ՀՀ ժողովրդկան արտիստուհի Մեդեա Աբրահամյանի և դիրիժոր, երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտի դասախոսությունները: Միջոցառումը կշարունակվի Կոմիտասի անվան լարային քառյակի համերգով (ղեկ. Էդուարդ Թադևոսյան) և կոմիտասյան երգերի կատարումներով՝ Մարիամ Կանայանի մատուցմամբ: Վերջում կցուցադրվի «Գութաներգ» խորագրով տեսաֆիլմը: Միջոցառումն անցկացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր