211652_close_icon
views-count818 դիտում article-date 17:04 24-09-2014

Է. Շարմազանովը չեխ գործընկերոջը պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաշխարհային համաժողովին

Սեպտեմբերի 24-ին Չեխիայի խորհրդարանի սենատի Վալդշտեյնի պալատում Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթի խոսքով. «Մեծարգո՛ տիկին փոխնախագահ, Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք, Ինձ համար մեծ պատիվ է պաշտոնական այցով գտնվել Չեխիայի Հանրապետությունում: Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել փոխնախագահ Հորսկային հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ ցուցաբերվում է ինձ և հայկական պատվիրակությանը: Վստահությամբ կարող եմ նշել, որ մեր այցը լրացուցիչ խթան կհանդիսանա հայ-չեխական հարաբերությունների և հատկապես միջխորհրդարանական համագործակցության զարգացման գործում, և երկու երկրների խորհրդարանների միջև բարեկամական կապերի վրա հիմնված համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա՝ ի շահ մեր երկրների: Հարգարժա՛ն ներկաներ, Մենք դրական ենք գնահատում ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների, մասնավորապես Արտաքին գործերի նախարարության հավասարակշռված դիրքորոշումը: Հարկ է նշել, որ Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունն ու անվտանգությունը: Կցանկանայի ընդգծել, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Դրա վառ վկայությունը վերջերս Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն էր: Կարևորելով երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը միջազգային կառույցների շրջանակներում, մասնավորապես Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակում, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի և Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության խորհրդարանական վեհաժողովներում, ցանկալի կլիներ, եթե Եվրախորհրդարանի չեխ պատգամավորները ևս ակտիվորեն աջակցեին այդ կառույցում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների ձևավորմանը։ Մեծարգո՛ տիկին փոխնախագահ, 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի կապակցությամբ կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ: Պաշտոնապես հրավիրում եմ Ձեզ մասնակցելու ապրիլի 22-23-ը Երևանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին: Ինչպես գիտեք, բոլորովին վերջերս Հունաստանի խորհրդարանը քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը: Հուսով ենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Չեխիայի Հանրապետության խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և կմիանա այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն: Կրկին շնորհակալ եմ, մեծարգո՛ տիկին փոխնախագահ, հայկական պատվիրակությանը հյուրընկալելու համար և լիահույս եմ, որ այն նոր լիցք կհաղորդի և՛ միջխորհրդարանական կապերի զարգացմանը և՛ երկկողմ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը»: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր