1255 դիտում
10:30 18-09-2014
Այսօր ականավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է
Այսօր հայ ականավոր գիտնական, աստղագետ և աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է։
Նա ծնվել է Թիֆլիսում 1908թ. սեպտեմբերի 18-ին։ Աշխարհահռչակ գիտնականը տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկն է։ Նրա աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։
Վ. Համբարձումյանը 1928 թ-ին ավարտել է Լենինգրադի համալսարանը, 1934–43 թթ-ին եղել է այդ համալսարանի պրոֆեսոր, 1939 թ-ից՝ ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչը, միաժամանակ՝ աստղադիտարանի տնօրեն, 1941 թ-ից՝ ուսումնական մասի պրոռեկտոր: 1943 թ-ին եկել է Հայաստան. եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամ, առաջին փոխնախագահը, 1946–94 թթ-ին՝ նախագահ, 1994–96 թթ-ին՝ պատվավոր նախագահ:
1946 թ-ին հիմնադրել և մինչև 1988 թ. եղել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը, 1988–96 թթ-ին՝ պատվավոր տնօրեն:
Ակադեմիկոս Համբարձումյանն ստեղծել է գազային միգամածությունների լուսարձակման քանակական տեսությունը, մշակել նոր աստղերից արտանետվող և անկայուն աստղերի մակերևույթից արտահոսող գազային զանգվածների գնահատման մեթոդ: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, ցույց տվել, որ առանձին աստղերի՝ միմյանցից հեռանալու պատճառով աստղակույտերն աստիճանաբար քայքայվում են, և այդ փաստի հիման վրա գնահատել է նրանց տարիքը: Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով Համբարձումյանը հիմնավորել է, որ մեր Գալակտիկայի տարիքը պետք է լինի 1011 տարի: Նա ցույց է տվել, որ լույսի միջաստղային կլանումը Գալակտիկայում հարուցվում է բազմաթիվ մութ, փոշային միգամածությունների կլանող ամպերի առկայությամբ, որոնց ուսումնասիրության համար մշակել է ֆլուկտուացիաների տեսությունը: Նա ստեղծել է պղտոր միջավայրում լույսի ցրման տեսությունը:
1947 թ-ին հայտնագործել է դինամիկորեն անկայուն և քայքայվող նոր տիպի աստղային համակարգեր, որոնց անվանել է աստղասփյուռներ: Նրանց ուսումնասիրությամբ ապացուցվեց, որ Գալակտիկայում աստղառաջացման շարժընթացները ներկայումս շարունակվում են և ունեն խմբակային բնույթ: 1950-ական թվականներին նա հայտնագործել է գալակտիկաների կորիզների ակտիվությունը, որը հարուցում է հսկայական մասշտաբների անկայուն երևույթներ (վիթխարի պայթյուններ, նյութի մեծ զանգվածների արտավիժումներ, նյութի հանգիստ արտահոսք և այլն): Համբարձումյանը մշակել է նախաաստղերի վարկածը, ըստ որի՝ դրանք մեծ խտությամբ օժտված փոքր չափերի մարմիններ են, որոնց տրոհմամբ առաջանում են աստղեր և աստղային համակարգեր: Կարևոր արդյունքներ է ստացել նաև ֆիզիկայում և աստղագիտության մեջ հանդիպող հակադարձ խնդիրների լուծման բնագավառում:
Վիկտոր Համբարձումյանը Հայաստանի, Խորհրդային Միության և բազմաթիվ այլ երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ էր: Նա եղել է նաև Հայկական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիրը (1965–74 թթ-ին) և գիտախմբագրական խորհրդի նախագահը (1965–87 թթ-ին):
Նմանատիպ նյութեր
9618 դիտում
15:46 18-09-2019
Այսօր Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ գիտնական, աստղագետ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է
942 դիտում
12:57 24-02-2014
Վարչապետի ցավակցական խոսքը ականավոր հայ գիտնական Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ
945 դիտում
14:01 03-06-2016
Հանրային խորհրդի շնորհավորական ուղերձը ականավոր գիտնական Հենրիկ Հովհաննիսյանի հոբելյանական տարեդարձի առթիվ
Այս բաժնից
775 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
655 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
859 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am