Փոխանակման ծրագրող Հայաստան ժամանած Բելգիայի Անտվերպենի համալսարանի ուսանողներին ընդունեցին ՀՀ ԱԺ-ում
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Բելգիայի Անտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի եւ մի խումբ ուսանողների հետ: Ուսանողները Հայաստան էին եկել Երեւանի պետական համալսարանի եւ Անտվերպենի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրով:
Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, ներկայացրեց ՀՀ ԱԺ օրենսդրական եւ ներկայացուցչական գործունեությունը: Ծավալված զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հարցերն ուղղեցին Արտակ Դավթյանին: Հարցերը վերաբերում էին Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, հայ երիտասարդների՝ կրթությունն արտերկրում շարունակելու հնարավորություններին, հայաստանյան բուհերի մրցակցությանը եւ կրթության բնագավառի մարտահրավերներին:
Այնուհետեւ Անտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի խնդրանքով Արտակ Դավթյանը ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը եւ կազմը, պատկերացում տվեց Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների եւ տասներկու մշտական հանձնաժողովների գործունեության մասին: