ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենաբարձրահասակ շունը
Աշխարհի ամենաբարձրահասակ շունը՝ Զևս մականվամբ գերմանական դոգը, սատկել է հինգ տարեկան հասակում: Այս մասին գրում է Kalamazoo Gazette-ն: Շունն իր տերերի հետ ապրում էր ԱՄՆ Միչիգանի նահանգի Օտսեգո քաղաքում:
2012 թվականին Զևսն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում: Վզակոթի շրջանում Զևսի հասակը կազմել է 112 սանտիմետր, իսկ կանգնած վիճակում՝ 224 սանտիմետր: Բացի հանրաճանաչությունից, Զևսը վայելում էր տեղաբնակների սերը:
Նրա տերը շանը հաճախ է տարել դպրոցներ ու հիվանդանոցներ, ուր նա երեխաներին օգնել է հաղթահարել շների հանդեպ ունեցած վախը, ինչպես նաև մասնակցել է շների օգնությամբ բուժման գործընթացին: