Սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանն այլևս Աշոտ Սուքիասյանի հետ առերեսվելու ցանկություն չունի
Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանն այլեւս չի ցանկանում առերեսում ունենալ օֆշորային սկանդալի հիմնական կասկածյալ Աշոտ Սուքիասյանի հետ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը:
Խոսելով պատճառների մասին՝ նշեց, որ նա ընդունել է իր մեղքը, հետեւաբար էլ նրա հետ առեւրեսվելու իմաստը չի տեսնում: Միաժամանակ տեղեկացրեց, որ փոխել է փաստաբանին` Վաղինակ Գեւորգյանին, քանի որ նա շատ ծանրաբեռնված է եղել: Ներկայիս փաստաբանը Կրոմվել Գրիգորյանն է, ով սկսել է ծանոթանալ գործին:
Մինչ այդ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունիսի 19-ին Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր տեղափոխվել հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը: Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննչական մարմնի միջնորդությունը, և Ա. Սուքիասյանը կալանավորվել է և տեղափոխվել էր Երևանի «Կենտրոն» ՔԿՀ: Հայտնել էինք նաեւ, որ ըստ Փ. Հայրապետյանի՝ խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով: