Ինչու՞ այս տարի 3800 աշակերտ չի հաճախել 1-ի դասարան. Հեղինե Բիշարյան
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը բարձրացրեց արտագաղթի թեման՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանից արտագաղթել է 250,000 մարդ, իսկ այս տարի 3800 առաջին դասարանցիներ չեն հաճախել դպրոց:
Նա նշեց, որ ճիշտ է՝ հնարավոր է, որ դրանում էլ սոցիալական խնդիրները դերակատարում ունենան, բայց համոզված է, որ նրանց դպրոց չհաճախելու պատճառն արտագաղթն է:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ դեռևս պաշտոնական տվյալներ չկան դպրոց հաճախող առաջին դասարանցիների վերաբերյալ ոչ տարածքային կառավարման նախարարությունում, ոչ ԿԳ նախարարությունում և ոչ էլ ֆինանսների նախարարությունում, հետևաբար այդ թվերը չեն կարող իրականությունն արտացոլել:
Ա. Աշոտյանը նշեց, որ մոտ 10 օր հետո հստակ թվերը հայտնի կլինեն և այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել այդ մասին: