211652_close_icon
views-count830 դիտում article-date 22:20 06-09-2014

ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությանը

Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովում սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ, հումանիստ Ժան Ժորեսի մահվան 100-րդ և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում: Ողջունելով հյուրերին նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտագիոտւթյամբ է հիշում իր մեծ բարեկամ Ժան Ժորեսի` Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների և կոտորածների նկատմամբ Եվրոպայում անտարբերության դեմ բարձրացրած բողոքի ձայնը և կարևորեց Հայաստանում հումանիստի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության մասնակցությունը: ԱԳ նախարարը նշեց, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորվել են առաձնաշնորհյալ հարաբերություններ, ընթանում է բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսություն: Երկու օր առաջ նախագահներ Սարգսյանն ու Օլանդը առիթ ունեցան հանդիպելու և անդրադառնալու երկկողմ հագեցած օրակարգի տարբեր հարցերին, այդ թվում նախագահ Օլանդի ս.թ. մայիսին Հայաստան պետական այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը: Կողմերը կարևորեցին տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, որի համար տարիների համատեղ աշխատանքի շնորհիվ լավ հիմք է դրվել: Ընդգծվեց, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում խոհրդարանական փոխգործակցությունը, որի վկայությունն են ֆրանսիացի օրենսդիրների պարբերական այցելությունները Հայաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների շուրջ, կարևորվեց ցեղասպանությունների ժխտման քրեականացումը, մարդկության դեմ ոճիրների կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը:

Նմանատիպ նյութեր