211652_close_icon
views-count779 դիտում article-date 16:00 04-09-2014

Կմեծացվի տարածքների օգտագործման արդյունավետությունը

ՀՀ կառավարությոնը Երևան քաղաքի Վ.Վաղարշյան 24 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից մոտ 420 քառ.մետր մակերեսով տարածքը հետ է վերցրել Ալ.Շիրվանզադեի անվան N 21 հիմնական դպրոցից և 15 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Երևանի պարարվեստի և պլաստիկայի խորեոգրաֆիկ քոլեջ» հիմնադրամին՝ իր ներկայացրած ծրագրով նախատեսված աշխատանքի իրականացման համար: Հիմնադրամը պարտավորվել է երեք տարվա ընթացքում կատարել 11 մլն դրամի ներդրում: Հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ներդրումային պարտավորությունների կատարման հսկողությունը և ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետին հանձնարարել գույքագրել և կառավարության նիստում զեկուցել, թե համանման պայմանագրերի որ տոկոսն է կատարվել: «Քիչ չեն դեպքերը, երբ ներդրողները մեծ պարտավորություններ են ստանձնում և չեն կատարում, դիմում են ժամկետը երկարաձգելու խնդրանքով»,-հավելել է վարչապետը: Կառավարության 2013թ. հունիսի 13-ի որոշմամբ Երևան քաղաքի Հանրապետության 47 հասցեում գտնվող ավելի քան 840 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և համապատասխան հողամասը 700 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր Ռամկավար ազատական կուսակցությանը` պայմանով, որ կուսակցությունը 18 ամսվա ընթացքում կատարեր 800 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Բացի այդ, մինչև ս.թ. մարտի 31-ը մաս-մաս պետք է վճարվեր վաճառքի գինը: Քանի որ Ռամկավար ազատական կուսակցությունը մինչև օրս որևէ վճարում չի կատարել, կառավարությունը չեղյալ է ճանաչել իր նշված որոշումը: Այս կապակցությամբ կառավարության ղեկավարը գերադասելի է համարել նման տարածքներն օտարելու փոխարեն տրամադրել պետական գերատեսչություններին, որոնք վարձակալության զգալի գումար են ծախսում:

Նմանատիպ նյութեր