Շակիրան հաստատել է իր երկրորդ հղիությունը
Կոլումբիացի երգչուհի Շակիրան հաստատել է իր հղիության մասին վերջին շրջանում մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվող լուրը: Փոփ աստղն այդ մասին պատմել է մեքսիկական Cosmopolitan-ի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտնելով, որ երկրորդ երեխային է սպասում իսպանացի ֆուտբոլիստ Ժերար Պիկեից:
Շակիրայի երկրորդ հղիության մասին ենթադրությունն առաջին անգամ մամուլում ի հայտ եկան հուլիսին՝ Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ: Դրա համար հիմք էր հանդիսացել մարզական միջոցառման ժամանակ Շակիրայի համեստ, բազմաշերտ զգեստը, որը թաքցնում էր նրա գոտկատեղը:
37-ամյա երգչուհու ու 27-ամյա ֆուտբոլիստի առաջին երեխան արդեն մեկուկես տարեկան է: Միլան Մեբարակ Պիկե անունով տղան ծնվել է 2013 թվականի հունվարին: Զույգը դեռ պաշտոնապես չի ձևակերպել իր հարաբերությունները: