211652_close_icon
views-count1247 դիտում article-date 17:13 28-08-2014

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին

Օգոստոսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը: Բարձր գնահատելով հայ-ղազախական բարեկամական հարաբերությունները՝ ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ բարեկամական խմբերի դերը հարաբերությունների խորացման գործում: Նա նշեց, որ երկու երկրների բարեկամական կապերը կսերտանան հատկապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո: Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը ՀՀ քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից մեկն է: ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով մարդկության դեմ իրականացված հանցագործություններին, նշեց, որ 2015 թ. ապրիլին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ Երեւանում կկայանա «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային համաժողովը: ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը, շնորհավորելով Գալուստ Սահակյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, նշեց, որ երկու երկրների միջեւ վաղուց ձեւավորվել է կառուցողական քաղաքական երկխոսություն: Նա նշեց, որ Ղազախստանը կողմնակից է ԵՏՄ կազմի ընդլայնմանը եւ այդ կառույցին ՀՀ անդամակցությանը, որի արդյունքում կստեղծվեն նաեւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մեծացնելու լայն հնարավորություններ: Դեսպանը, անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցին, փաստեց, որ Ղազախստանը հարցի խաղաղ կարգավորման կողմնակիցն է, եւ հարցի լուծումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Նմանատիպ նյութեր