«Ոչ ոք չի կարող առաջարկել պատերազմել Ռուսաստանի հետ` մոռանալով պատմության և աշխարհագրության մասին». Ֆրանսիայի արտգործնախարար
Rosbalt.ru-ի հաղորդմամբ` Ռուսաստանի հետ հարաբերություններում Ֆրանսիան հաստատուն դիրք է զբաղեցնում` կապված արևելյան Ուկրաինայի խնդրի հետ, սակայն այդուհանդերձ բաց է երկխոսության համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
«Ոչ ոք առողջ ուղեղով դատելով չի կարող առաջարկել պատերազմել Ռուսաստանի հետ` մոռանալով պատմության և աշխարհագրության մասին»,- մեջբերում է աղբյուրը:
Լ. Ֆաբիուսի կածիքով` Ուկրաինան պետք է հնարավորություն ունենա լավ հարաբերություններ պահպանել և՛ ԵՄ-ի, և՛ ՌԴ-ի հետ: Սակայն նշել է, որ դրան հասնելն այնքան էլ հեշտ չէ, և որ ներկայումս նկատվում է հայրենասիրական տրամադրությունների վերելք ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Ուկրաինայում:
Բացի այդ հաղորդվել է, որ պաշտոնական Փարիզը մտադիր է նպաստել կոնֆլիկտի լուծմանը և սրված իրավիճակի թուլացմանը: