Պորոշենկոն հաջորդ շաբաթ կստորագրի Գերագույն ռադան ցրելու հրամանը
Ինչպես տեղեկանում ենք ZN.UA-ից, հաջորդ շաբաթ լրանում է Գերագույն ռադայի պատգամավորներին նոր դաշինք ձևավորելու համար հատկացված 30-օրյա ժամկետը: Քանի որ այդ ընթացքում չկան արդյունքներ, ուստի նախագահն ունի օրինական բոլոր հիմքերը՝ խորհրդարանը ցրելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեգ Մեդվեդևը:
Վերջինիս խոսքով` Պորոշենկոն արդեն հաջորդ շաբաթ կստորագրի Գերագույն ռադան ցրելու և խորհրդարանական վաղաժամ ընտրություններ անցկացնելու մասին հրամանը: Մեդվեդևը հավելել է, որ սեպտեմբերին հրապարակվելու է քաղաքական, տնտեսական ու սոցիալական խոշոր բարեփոխումների փաթեթը: Բացի այդ, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Պորոշենկոն, վավերացվելու է ԵՄ-ի հետ ստորագրված Ասոցացման համաձայնագիրը: Ուկրաինայի Գերագույն ռադայում առկա խորհրդարանական դաշինքը փլուզվել էր այս տարվա հուլիսի 24-ին: Դրանից մեկ շաբաթ անց Պորոշենկոն իրատեսական էր համարել խորհրդարանական վաղաժամ ընտրությունների անցկացումը: