Թուրքիայի հետախուզության ղեկավարն այցելել է Օջալանին
Թուրքիայի հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանն այցելել է Իմրալը կղզում ցմահ բանտարկության մեջ գտնվող քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին:
Թուրքական «Jumhurriyet» թերթը գրում է, որ Ֆիդանը քրդական հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր է քննարկել Օջալանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել նախորդ շաբաթ: Դա առաջին հանդիպումն էր Օջալանի հետ օգոստոսին կայացած Թուրքիայի նախագահական ընտրություններից հետո: Թերթը Օջալանի հետ բանակցությունները համարում է «երաշխիքի ապահովում» քրդական հակամարտության կարգավորման հարցում:
Թուրքական հետախուզության ղեկավարն արդեն մի քանի անգամ հանդիպում է ունեցել Օջալանի հետ: Իսկ Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ սեպտեմբերի վերջին հարցի կարգավորումը կմտնի վերջնական փուլ, ինչի արդյունքում քրդական զինված խմբավորումները վերջնականապես կլքեն Թուրքիայի տարածքը: