42152 դիտում
10:12 07-08-2014
Ողբերգական ավտովթար` Լոռու մարզում. Ջրաշենի ոլորաններում բեռնատար Volvo-ն կողաշրջվել է. վարորդն ու ուղևորը տեղում մահացել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններում, Volvo մակնիշի 71 OO 071 համարանիշի բեռնատարի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի երկաթբետոնե արգելապատնեշին և մոտ 300 մետր կողաշրջվելով, հայտնվել Ջրաշեն գյուղի բնակիչ, 62-ամյա Սամվել Սաֆարյանին պատկանող հողամասում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը:
Մահացածներին մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները:
Տեղում աշխատում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի քննիչը, փորձագետը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, փաստի առթիվ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածներն են Երևանի բնակիչ Օնիկ Եսայանը և Լոռու մարզի բնակիչ Լորիկ Կարապետյանը, որոնց վերջնական ինքնությունը և բնակության վայրը ոստիկանությունը ճշտում է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել «Կոտայք» գարեջրով ու կողաշրջման հետևանքով էլ ամբողջ գարեջուրը թափվել է:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Սաֆարյանը ցավում էր մահացածների համար, իսկ գյուղացիներն էլ ասում էին թե Ս. Սաֆարյանը այս մի փոքրիկ հողակտորով էր գոյատևում, որտեղ ցանել էր կարտոֆիլ և կաղամբ, սակայն կողաշրջված ավտոմեքենայից թափված մեծ քանակի դիզվառելիքն ու գարեջուրը, ըստ մասնագետների, հողամասը 20 տարուց ավելի դարձրել է ոչ պիտանի:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+