211652_close_icon
views-count1996 դիտում article-date 00:01 30-07-2014

«Հրապարակի» լրագրող. «Այս ամբողջ դատավարությունը պատերազմ է լրատվամիջոցների դեմ». aravot.am

Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է դատավարություն, որն առնչվում է Հայաստանի բոլոր լրատվամիջոցներին: Խոսքը վերաբերում է տեղեկատվության աղբյուրի բացահայտմանը: Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշում էր ընդունել՝ բավարարել քննիչների միջնորդությունը՝ «Հրապարակ» թերթին եւ ilur.am կայքերին պարտավորեցնել՝ բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրները: Քննիչներին հետաքրքրում է, թե լրատվամիջոցները որտեղի՞ց են իմացել Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի եւ ըմբիշ, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի միջեւ տեղի ունեցած բախման մասին: Բնականաբար, լրատվամիջոցները հրաժարվել են կատարել դատարանի որոշումը եւ դիմել են Վերաքննիչ դատարան: «Առավոտի» հետ զրույցում «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանը, ով խնդրո առարկա հոդվածի հեղինակն է, տեղեկացրեց, որ դեռ դատական նիստը չսկսված, պարզվել է, որ նիստը պետք է դռնփակ լինի. «Երբ մոտեցանք դահլիճի մուտքին, կատարածուները բերեցին թուղթ, որ նիստը դռնփակ է լինելու: Մեր փաստաբանները պահանջեցին, որ դատարանի որոշումը բերեն: Քիչ հետ նրանք բերեցին նաեւ այդ որոշումը, բայց որեւէ հիմնավորում չկար: Դռնփակ նիստ անցկացնելը տեղեկատվության տարածման գործերին չի վերաբերում, նման ընթացակարգ նախատեսված չէ: Այդ պատճառով մեզ համար այդ որոշումը անակնկալ էր»: Մեր հարցին՝ անգամ Ձեզ՝ հոդվածի հեղինակի՞ն ներս չթողեցին, Սյուզան Սիմոնյանը պատասխանեց. «Ես սկզբից մտա որպես «Հրապարակի» լրագրող, սակայն դատավորին իմ վկայականը չբավարարեց, նա պահանջեց լիազորագիր՝ գլխավոր խմբագրի կողմից, ու քանի որ չունեի, թույլ չտվեց մնալ: Այնքան աբսուրդ դատավարություն է սա… պատկերացնո՞ւմ եք, մարդուն, ով միակն է, որ տիրապետում է տեղեկատվության աղբյուրին, ներս չեն թողնում, տեղեկատվության աղբյուրի բացահայտումը թերթի վրա են դրել, դե թող գնան հարցնեն «Հրապարակ» թերթից…»: Մանրամասները՝ [url=http://www.aravot.am/2014/07/29/484163/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր