Լևոն Հայրապետյանին այսօր պաշտոնական մեղադրանք կառաջադրվի
Գործարար Լևոն Հայրապետյանին, ով կասկածվում է հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի յուրացման մեջ, այսօր հետաքննությունը պաշտոնական մեղադրանք կառաջադրի: Այս մասին հայտնում է ItarTass-ը:
«ՌԴ Հետաքննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության քննիչը իրազեկել է Լևոն Հայրապետյանի պաշտպանին, որ մեր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվելու հուլիսի 24-ին»,-հայտնել էր Լ. Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարկարյանը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանի դատարանը հայ գործարարին հուլիսի 17-ին 2 ամսով՝ մինչև սեպտեմբերի 15-ը կալանավորելու որոշում է կայացրել: Քրեական գործի շրջանակներում կալանք է դրվել նաև «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վրա, որի արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին:
Լ. Հայրապետյանը չի ընդունում իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: Լ. Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր ժամանել էր Նիցցայից: Ձերբակալությունը կատարվել է նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի ցուցմունքի հիման վրա, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել ծանր հանցագործություններ կատարելու համար: