ԼՂՀ-ի առողջապահության նախարարությունը և գերմանական KARL STORZ-ը կհամագործակցեն
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ընդունել է գերմանական KARL STORZ ընկերության Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանային մենեջեր Մեռաբ Մգալոբլիշվիլիին և Հայաստանի ներկայացուցիչ Կարինե Կաջոյանին:
Նախարար Քուշկյանը, ողջունելով հյուրերին, պատրաստակամություն է հայտնել քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարներն Արցախի առողջապահության զարգացման նպատակով:
Ընկերության ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել իրենց կողմից առաջարկվող բժշկական սարքավորումների հնարավորությունների մասին վերջին տվյալները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բժիշկների որակավորման դասընթացների, մասնավորապես Կովկասում առաջատար համարվող Թբիլիսիի KARL STORZ ուսումնական կենտրոնում բժիշկների և միջին բուժանձնակազմի մասնագիտական վերապատրաստման հնարավորությունները:
Պայմանավորվածություններ է ձեռք բերվել համագործակցել հատկապես ուռոլոգիայի և գինեկոլոգիայի ասպարեզներում:
Հյուրերը ցանկացել են նաև այցելել շրջանային հիվանադանոցները՝ ծանոթանալու սարքավորումների հագեցվածությանը: