Իրավապաշտպան կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել են ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքներին առնչվող հարցեր
Հաշվի առնելով վերջին ժամանակների ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակին վերաբերող հասարակական հետաքրքրությունը՝ այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանին և «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեժլումյանին:
Հանդիպմանը քննարկվել են ցմահ ազատազրկման դատապարտվածների իրավունքներին առնչվող հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ցմահ ազատազրկման դատապարտվածների վերաբերյալ իրենց ուսունասիրությունների արդյունքներն ու առաջարկները: Անդրադարձ է եղել օրենսդրական բարեփոխումներին, դատապարտյալների պահման պայմաններին, ինպես նաև՝ պատժի վերանայման հարցերին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արման Թաթոյանը և Սուրեն Քրմոյանը: