211652_close_icon
views-count1109 դիտում article-date 20:33 20-06-2014

Դեսպան Եսայանը հանդիպել է Ռուսաստանի հրեական համայնքային կառույցների ղեկավարների հետ

Հունիսի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդունեց Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կաններին և Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանին: Զրույցի ընթացքում Դեսպան Եսայանն ընդգծեց հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրությունները` անդրադառնալով 20-րդ դարի առավել ողբերգալի իրադարձություններին` հայ և հրեա ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանության իրողությանը: Դեսպանը շեշտեց, որ հայ և հրեա ժողովուրդների` ցեղասպանության դատապարտման և պատմական արդարության վերականգնմանն ուղղված սերունդների առաքելությունը մեր օրերում պետք է առավել մերձեցնի երկու ժողովուրդներին` մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների և դրանց սպառնալիքի դեմ համամարդկային պայքարում: Ռուսաստանում հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները հավաստիացրեց, որ հրեական գիտական շրջանակներում հաստատված է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության` ժամանակին դատապարտման և կատարվածին համապատասխան իրավական, քաղաքական, տնտեսական գնահատական տալու դեպքում հետագայում հնարավոր կլիներ խուսափել նման ոճրագործությունների կրկնումից: Յուրի Կաններն իր խոսքում կարևորեց ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդների համատեղ ջանքերի գործադրումը միջազգային ասպարեզում 20-րդ դարի հրեշավոր իրադարձությունների մասին իրազեկման, դրանց ճանաչման և դատապարտման շարունակական գործընթացների առավել ակտիվացման շուրջ, որպեսզի միջազգային հասարակական մտածելակերպում ամրանա այն դիրքորոշումը, որ թե՛ Հայոց ցեղասպանությունը և թե՛ Հոլոքոստը միայն առանձին ժողովուրդների ողբերգություններ չեն, և ցեղասպանության երևույթի դատապարտումը կրում է համամարդկային բնույթ: Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավարը կարևորեց Ռուսաստանում հրեական և հայ համայնքային կառույցների միջև համագործակցության նոր ձևաչափերի մշակումը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելեցին ընդառաջ ՌԴ տարածքում համատեղ միջոցառումների կազմակերպման նպատակով: «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանը դեսպան Եսայանի հետ զրույցում ներկայացրեց ցեղասպանության երևույթի դատապարտման շուրջ իրազեկման բարձրացման ուղղությամբ կենտրոնի կողմից տարված որոշ աշխատանքներ: Հանդիպմանն ընդգծվեց նաև, որ վերջերս լույս տեսած Հոլոքոստի ռուսալեզու հանրագիտարանում առանձին բաժին է հատկացվել նաև այն հայերին, ովքեր Հոլոքոստի ժամանակ աջակցել են հրեաներին և փրկել կործանումից: Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում Ռուսաստանի հայ և հրեա համայնքների միջև փոխադարձ շփումների ակտիվացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր