ԱԱ-2014. Ճապոնիան և Հունաստանը հաշիվը չբացեցին. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության C խմբի երկրորդ տուրի խաղում միմյանց հետ մրցեցին խմբի հետնապահներ Ճապոնիայի և Հունաստանի հավաքականները: Առաջին խաղակեսը ընթացավ հավասար պայքարում: Երկու թիմերը հաջողության հասնելու համար հիանալի հնարավորություններ ստացան, սակայն չկարողացան աչքի ընկնել: Մրցավեճի բնույթը փոխվեց 38-րդ րոպեին, երբ երկրորդ դեղին քարտը ստացավ և խաադաշտից հեռացվեց հույների ավագ Կոստաս Կացուրանիսը: Նշենք, որ մինչև այդ վնասվածքի պատճառով հանդիպումը չկարողացավ շարունակել Հունաստանի հավաքականի հարձակման գծի առաջատար Կոստաս Միտրողլուն:
Երկրորդ խաղակեսում խաղային առավելությանը լիովին տիրեցին ճապոնացիները և կարողացան մի քանի վտանգավոր պահ ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Այդուհանդերձ գրոհի եզրափակիչ փուլում ճապոնացիներին չբավականեցրեց դիպուկությունը: 90-րդ րոպեին Ճապոնիան վտանգավոր դիրքում տուգանային հարվածի հնարավորություն ստացավ, սակայն հույների դարպասապահ Կարնեզիսը փակեց Էնդոյի հարվածը: Արդյունքում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի և թիմերը իրենց առաջին միավորները վաստակեցին ընթացիկ աշխարհի առաջնությունում:
Ճապոնիա – Հունաստան`0:0