211652_close_icon
views-count1817 դիտում article-date 19:05 15-06-2014

«Հավերժի ժողովրդին թող փորձության չտանեն տկարամիտներն ու տգետները». Սպարտակ Ղարաբաղցյան. aravot.am

«Ծիրանի» մշակութային հանգույցը, որն զբաղվում է մշակութային տարբեր խնդիրների և առհասարակ մշակութային իրողությունների վերհանմամբ, բացահայտմամբ, ներկայացմամբ, հունիսի 14-ին Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտում ցուցադրեց արձակագիր, սցենարիստ Սպարտակ Ղարաբաղցյանի և ռեժիսոր, օպերատոր Աշոտ Մովսիսյանի «Թորոս Ռոսլին» ֆիլմը: Ֆիլմը ոչ այնքան Թորոս Ռոսլին մանրանկարչի մասին է, որքան Կիլիկիայի: Եվ կիլիկյան շրջանի մանրանկարչի կերպարը, կարծեք թե, առիթ է խոսելու Կիլիկիայի մասին: [url=http://www.aravot.am/2014/06/15/470987/]Aravot.am[/url]-ը հետաքրքրվեց պարոն Ղարաբաղցյանից, թե հատկապես ինչն է ստիպել նրան ընտրելու մեր պատմության հենց կիլիկյան շրջանը: «Ֆիլմում ներկայացված են իտալացի ճանապարհորդ, պատմիչ Մարկո Պոլոյի կարծիքները նրա երկու այցելություններից հետո: Առաջին այցելությունը Կիլիկիայի ծաղկման շրջանում էր, դա Կիլիկիայի բարոյական իշխանների շրջանն էր, և պատմիչն ասում է, որ Կիլիկիան հզոր իշխանների երկիր է: Իսկ վերջին այցելությունից հետո, երբ պետությունը կործանման եզրին էր, արձանագրում է, որ Կիլիկիան կործանվեց, որովհետև նրա թագավորները թույլ, ստոր, կենցաղասեր, ոսկու փայլից կուրացած մարդիկ էին: Կիլիկիայի պատմության բոլոր այդ շերտերը՝ ծնունդը, հզորացումն ու անկումը, կան մեր ազգային բնավորության մեջ: Այսօր էլ պետականություն ունենք, այսօր էլ վտանգի առաջ ենք կանգնած, այսօր էլ նույն տկարամիտ իշխաններն են, այսօր էլ նույն ոսկու փայլից կուրացած, քրդերի հոգեբանությամբ մարդիկ ունենք, որոնք երկրի թամբին են: Այսինքն՝ Կիլիկիայի ընտրությունը պատահական չէ. հազար տարի էլ անցնի, պատմությունը կրկնվում է, ու հիմա պատմությունից դասեր քաղելու շրջան է: Ինչո՞ւ Կիլիկիան: Որպեսզի Կիլիկիայի պատմությունը չկրկնվի, որպեսզի մեր վերջին կտորն էլ չկորցնենք»,- պատասխանեց Ս. Ղարաբաղցյանը: Արդյո՞ք նա նման մտավախություն ունի: «Մտավախություն չունեմ: Ես գիտեմ, որ մենք արևի հետ դուրս եկած ու արևի հետ էլ մայր մտնող ժողովուրդ ենք: Պարզապես, ուզում եմ, որ մեր ժողովուրդը նորից ժամանակ չկորցնի, մենք նորից ժամանակ կորցնելու իրավունք չունենք: Ես գիտեմ, որ մենք հավերժի ժողովուրդ ենք, բայց այդ հավերժի ժողովրդին նորից փորձության չպիտի տանեն տկարամիտներն ու տգետները»,- ասաց մեր զրուցակիցը և անդրադարձավ մի կարևոր հանգամանքի ևս. «Ֆիլմում ներկայացված բոլոր նամակները հայերեն են գրված ու կնքված: Սա նշանակում է, որ Կիլիկիայում լեզվի նկատմամբ մեծ հարգանք են ունեցել: Հռոմի պապին, օրինակ, նամակները հայերեն են ուղղել, իսկ այսօր մենք ուրիշներին հաճոյանալու համար մեկ-երկու բառ ենք սովորում ու սկսում ենք նրանց հետ իրենց լեզվով խոսել՝ ընկնելով հիմար վիճակի մեջ, այն դեպքում, երբ ունենք պետական լեզու»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/06/15/470987/]այստեղ:[/url]

Նմանատիպ նյութեր