211652_close_icon
views-count1020 դիտում article-date 20:08 04-06-2014

ԱԻՆ-ում ընդունել են ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներին

Վերջերս ՀՀ ԱԻ նախարարությունը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից առաջարկություն էր ստացել ԵՄ անդամ պետությունների դեսպանատների ներկայացուցիչների համար նախարարություն ճանաչողական այց կազմակերպելու վերաբերյալ: Հունիսի 4-ին ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել ԵՄ անդամ պետությունների (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Հունաստան, Ռումինիա, Բուլղարիա, Լիտվա, Լեհաստան) դեսպանատների անվտանգության հարցերով պատախանատու պաշտոնյաները և Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամներ: ԱԻ նախարարի տեղակալ Դ. Կարապետյանը, ողջունելով հյուրերին, համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքը, հիմնական գործառույթները, ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը. - Վերջին տարիներին ԱԻՆ համակարգում մեծ բարեփոխումներ են եղել, որի շնորհիվ այժմ մեր նախարարությունը վայելում է մեր ժողովրդի վստահությունը: Ստեղծել ենք ԱՌՆ ազգային պլատֆորմ, մշակել ԱՌՆ ազգային ռազմավարություն, իսկ այսօր նաև կարող ենք արձանագրել, որ աղետների ռիսկի նվազեցման գործընթացները հաջողությամբ զարգանում են նաև համայնքային մակարդակում: Ունենք ճգնաժամային կառավարման կենտրոն և «911» ծառայություն, որը դարձել է յուրաքանչյուր քաղաքացու առաջին օգնականը: Այնտեղ տարեկան 1 միլիոնից ավելի զանգ է ստացվում, որոնցից ոչ մեկն անպատասխան չի մնում: Սակայն մեր նվաճումներն այդքան արդյունավետ չէին լինի, եթե չլիներ մեր միջազգային գործընկերների աջակցությունը: Փոխնախարարը խոսեց նաև ընթացիկ ծրագրերի` Գառնու դիտարանի վերագործարկման, սեյսմիկ դիտացանցի արդիականացման, հակակարկտային կառավարման միասնական համակարգի ու Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման մասին: Դ. Կարապետյանն ընդգծեց ԱԻ նախարարությունում ձևավորված աշխատանքային նոր մշակույթի մասին` նշելով, որ ԱԻՆ-ը միակ պետական կառույցն է, որտեղ աշխատում են սայլակավոր հաշմանդամներ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Դիրկ Լորենցը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` շեշտելով անվտանգության խնդիրների նկատմամբ աչալուրջ վերաբերմունքի կարևորությունը: Այցի շրջանակներում հյուրերը եղան նաև ճգնաժամային կառավարման կենտրոնում` ծանոթանալով դրա անձնակազմին, աշխատանքի սկզբունքներին և տեխնիկական հագեցվածությանը:

Նմանատիպ նյութեր