211652_close_icon
views-count1639 դիտում article-date 13:32 01-06-2014

Առողջապահության նախարարը այցելել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունք

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած խումբը եղավ մանկական վերակենդանացման բաժանմունքում, ծանոթացան փոքրիկ հիվանդների բուժման ընթացքին, մանրամասն ուսումնասիրեցին ախտորոշումները: Արմեն Մուրադյանը զրուցեց 16-ամյա Ռաֆայել Հախնազարյանի հետ, ով մարմնամարզության ընթացքում մեջքի լուրջ վնասվածք էր ստացել: Երեխայի երազանքն է խաղալ հանրահայտ ֆուտբոլային ակումբներից մեկում: Նախարարը Ռաֆայելին նվիրեց նախընտրած ֆուտբոլային ակումբի տարբերանշանով գնդակ` այն հաստատակամությամբ, որ ապաքինումից կարճ ժամանակ անց նա կխաղա այդ գնդակով: Այցի շրջանակում նախարարը ծանոթացավ նաև Դամասկոսից երկու օր առաջ Հայաստան ժամանած Նարեկ Մարաշլյանի պատմությանը: Ռումբի պայթյունի հետևանքով կոտրվել են երեխայի սրունքները: Նա վիրահատվել է Դամասկոսում, ապա տեղափոխվել Երևան հետվիրահատական բուժում ստանալու նպատակով: Նարեկի հայրը` Ռաֆայելը մասնագիտությամբ բժիշկ է՝ թերապևտ: Նա նախարարի հետ զրույցում նշեց, որ եթե հնարավորություն ստեղծվի, ապա սիրով մասնագիտական գործունեությունը կշարունակի Հայաստանում: Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ օրը խորհրդանշական օր է և մեկ անգամ ևս հիշեցնում է, որ երեխաներն են մեր ապագան: Նա մաղթեց բոլոր երեխաներին խինդ ու ծիծաղ, երջանիկ ապագա և հուսալի հեռանկարներ: Նախարարը բարձր գնահատեց այն պայքարը, որը կենտրոնի մասնագետները գիշեր-ցերեկ իրականացվում են երեխաներին փրկելու համար: «Փառք ու պատիվ այն բոլոր կազմակերպություններին, հիվանդանոցներին, բժիշկներին, ովքեր կարող են այսօր ևս մեկ անգամ հիշեցնել, որ իրենք որպես պաշտպան ամուր կանգնած են երեխաների կողքին»,- ընդգծեց առողջապահության նախարարը: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, շնորհավորելով երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, փոքրիկներին մաղթեց առաջին հերթին առողջություն: «Որպես բուժաշխատողներ մենք աշխատում, տառապում, տանջվում ենք ոչ միայն այս օրը, այլև կլոր տարի: Մեզ մոտ 365 օր երեխաների պաշտպանության և նրանց առողջությունը փրկելու, պայքարի օր է»,- ասաց Երևանի գլխավոր մանկական վիրաբույժը: Հանրապետության ողջ տարածքում մանկական անհետաձգելի բժշկական ծառայություն ապահովող խոշորագույն կենտրոնի ղեկավարը կոչ արեց ծնողներին լինել շատ ավելի ուշադիր երեխաների հանդեպ, թե՛ կենցաղում, թե՛ ավտոմեքենա վարելիս, քանի որ միայն ուշադրության և զգուշության շնորհիվ է հնարավոր խուսափել տարատեսակ, այդ թվում կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներից: [i] ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին [/i]

Նմանատիպ նյութեր