2355 դիտում
20:31 29-05-2014
«Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» մրցույթի հաղթողները պարգևներ ստացան
Մայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պատվոգրեր և մրցանակներ են հանձնել «Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր` պատերազմի» խորագրով շարադրությունների մրցույթի հաղթողներին:
Շարադրությունների հանրապետական մրցույթը, որին մասնակցել են Հայաստանի բոլոր մարզերի և մայրաքաղաքի կրթօջախների սաները, հայտարարվել էր զինադադարի 20-ամյակի առթիվ:
Շնորհավորելով մրցույթի հաղթողներին՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն իր խոսքում շեշտել է, որ միջոցառման իրականացմանն աջակցություն է ցուցաբերել ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Կրթության և գիտության նախարարության և պաշտպանության նախարարությունների միջև սերտ համագործակցություն կա ուսանողների և աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված ծրագրերում: Մեր ջանքերը համատեղված են ընդհանուր նպատակի շուրջ՝ սերմանելու և որպես անհերքելի արժեքներ ամրապնդելու հայրենապաշտությունն ու գնահատանքը հայոց բանակի նկատմամբ, որը խաղաղության գլխավոր երաշխավորն է: Ես վստահ եմ՝ հայ աշակարտները սիրում են և նվիրված են իրենց հայրենիքին, գիտակցում են, որ միայն ուշիմ, հայրենասեր և նպատակասլաց լինելով է հնարավոր պատերազմով նվաճված այս խաղաղությունը դարձնել հարատև և միայն խաղաղության պայմաններում է հնարավոր կառուցել ուժեղ և ամուր պետություն»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով շարադրության մրցույթի հաղթողներին, շեշտել է, որ 20 տարի առաջ կնքված հրադադարի պայմանագրից հետո միայն հայոց բանակի պատրաստվածությունն է ապահովում հակառակորդի զսպումը և համապատասխան ուժի չկիրառումը. «Մեր անվտանգության գլխավոր երաշխավորը զինված ուժերն են՝ հայկական բանակը: Սակայն ուժ ասելով մենք նկատի չունենք միայն զինվորին և մեր բանակի սպառազինության մակարդակը: Այսօրվա շարադրության մրցույթը գալիս է ապացուցելու, որ ուժ ասելով մենք պետք է հասկանանք նաև մեր պետության մնացած ոլորտները՝ տնտեսություն, կրթություն, գիտություն, արտաքին քաղաքականություն: Կրթության և գիտության ոլորտի հետ մենք երկարատև համագործակցության փորձ ունենք, մենք կարևորում ենք գիտելիքահեն ներուժի կիրառումը նաև պաշտպանության ոլորտում և վստահ ենք, որ շատ հզոր ուժ է նաև գիտելիքը»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ լավագույն ճանաչված 20 շարադրությունների հեղինակներն արժանացել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարար ության պատվոգրերի և մրցանակների: Երկու գերատեսչությունների ղեկավարների նախաձեռնությամբ հաղթող աշակարտներն ամռանը եռօրյա հանգիստ կանցկացնեն Արցախում և հնարավորություն կունենան ծանոթանալու Արցախի պատմությանն ու մշակույթին, հայրենիքը պաշտպանող զինվորների առօրյային:
Նմանատիպ նյութեր
2012 դիտում
11:35 02-09-2020
«ԻՄ ԱՐՈՏԸ» խորագրով մանկական նկարչական մրցույթի հաղթողները ստացան պատվոգրեր, մրցանակներ, խրախուսական նվերներ
Այս բաժնից
664 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
592 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ