211652_close_icon
views-count1709 դիտում article-date 13:58 25-05-2014

«Նոր Ջուղայի օրեր» ծրագիրն ավարտվել է մշակութային միջոցառումներով

Մայիսի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համատեղ նախաձեռնությամբ Երևանում անցկացվող «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ մշակութային միջոցառումների շարք, որով եզրափակվեց ծրագիրը: Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի Սուրբ Հովսեփ Արեմաթացի եկեղեցու հիմնադրման 350 ամյակին նվիրված հանդիսության մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի պատմություններն այնպես սերտորեն են միահյուսված, որ առանձին-առանձին հնարավոր չէ դրանք ներկայացնել: 400-ամյա պատմություն ունեցող ժողովուրդը Նոր Ջուղայում կառուցել է Ամենափրկիչ եկեղեցին, եկեղեցին պահել է համայնքը: Բառերն անզոր են հաղորդելու, նկարագրելու մշակութային այն առեղծվածը, որ պահել, պահպանել ու սերնդեսերունդ փոխանցել է մեր լեզուն, պատմությունը, մեր գոյատևման խորհուրդը: Այսօր մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը ստեղծել է բոլոր պայմանները, որ պահպանվի և անխաթար մնա մեր մշակույթը: Ես խորին շնորհակալություն եմ հայտնում Իրանի պետությանը, ՀՀ-ում նրա մեծարգո դեսպանին այն մթնոլորտի համար, որ ստեղծել են Ջուղայում, Իրանում, որպեսզի հայը իրեն հայ զգա»: ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մոհամմադ Ռեյիսին, ողջունելով ներկաներին, հավելեց. «Այս երեք օրվա միջոցառումները ցույց են տալիս մեր ժողովուրդների մշակութային ընդհանրությունները: Նոր Ջուղան կարևոր դեր է խաղում Իրանի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում: Բոլոր զբոսաշրջիկներն անպայման այցելում են Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ եկեղեցի, որն իրավամբ համարվում է Իրանի հայ համայնքի հոգևոր, ազգային, մշակութային և հասարակական գործունեության գլխավոր կենտրոնը»: Ելույթ ունեցան նաև Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Բաբկեն եպս. Չարյանը, ՀՅԴ անդամ, ծնունդով ջուղայեցի Հրանտ Մարգարյանը, Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նոյել Մինասյանը: Ցուցադրվեց Ռուբեն Գևորգյանցի՝ Նոր Ջուղայի հայ համայնքին և Սբ. Ամենափրկիչ եկեղեցու պատմությանը նվիրված «Նոր Ջուղա. լինել» ֆիլմը: Ելույթ ունեցավ Սպահանի «Կոմիտաս» երգչախումբը դիրիժոր Արմեն Ամիրխանյանի գլխավորությամբ: Հնչեցին Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Աշոտ Ղազարյանի ստեղծագործությունները: Մեներգեցին Աննա Մայիլյանը և Գոռ Ամիրխանյանը: Ի լրումն հանդիսության՝ Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում բացվել էր «Նոր Ջուղայի հայ համայնքն անցյալի և ներկայի խաչմերուկներում» խորագրով ցուցահանդես: Ներկայացվել էին Նոր Ջուղայի տարազներ, հարսանեկան շորեր, մաշիկներ, գոտիներ, գլխարկ: Առանձին հավաքածուներով ցուցադրված էին սեղանի հյուսկեն ու ասեղնագործ ծածկոցներ, թաշկինակներ, օձիքներ, եկեղեցական ոսկեյուս վեղարներ, գրքեր Նոր Ջուղայի մասին, թերթեր և ամսագրեր, արխիվային այլ նյութեր: Վահանակները ներկայացնում էին հայտնի նորջուղայեցիների և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հայրերի կենսագրությունները, լուսանկարները:

Նմանատիպ նյութեր