Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ ՀՀ ԱԻ նախարարությունն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել վրացի գործընկերներին
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հեռախոսազրույց է ունեցել իր գործընկեր Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկայիձեի հետ և հայտնել, որ Հայաստանի ԱԻ նախարարությունը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել Վրաստանի գործընկերներին:
Ալեքսանդր Չիկայիձեն սրտացավության և պատրաստակամության համար շնորհակալություն է հայտնել Արմեն Երիցյանին և նշել, որ դեռևս ճշգրտելու բազմաթիվ հարցեր կան և եթե կարիք զգացվի՝ աջակցության համար անպայման կդիմեն հայ գործընկերներին:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ 09.20-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն:
Նախնական տվյալներով հողազանգվածի տակ ավտոմեքենաներ էին մնացել:
Վթարի արդյունքում վնասվել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատար խողովակը:
Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի