Երևանից Արցախ ժամանած մասնագետները գործնական պարապմունքներ անցկացրին բուժքույրերի համար
Բուժքույրերի օրվա կապակցությամբ հրավիրված համաժողովի շրջանակներում Երևանից ժամանած մասնագետներն իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցենցին համաժողովի մասնակիցներին:
Բժշկագիտության վերջին նվաճումները, այսօր աշխարհում ընդունելի չափորոշիչները, ուղեցույցները ներկայացվեցին նաև գործնական ձևաչափով:
Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում անցկացվեցին գործնական պարապմունքներ: Մեթոդական դասընթացներ կազմակերպվեցին նաև Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջի դասախոսների համար: Ներկայացվեցին արդի բժշկական կրթական ծրագրերը, դրանց իրականացման տեխնոլոգիաներն, ինչպես նաև նոր չափորոշիչների ներդրումը միջին մասնագիտական կրթական համակարգում:
Ինչպես նշեց Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն Ալինա Քուշկյանը, դասընթացների նպատակն է արդի բուժքույրական աշխատանքներում զարգացնել գործնական հմտությունները` հատկապես վնասվածքաբանության, նախահոսպիտալացման և սիրտ-թոքային վերակենդանացման ուղղություններով:
Ա.Քուշկյանի տեղեկացմամբ, դասընթացներին մասնակցում են թվով 600 բուժքույրեր` Արցախից և ՀՀ-ից, ովքեր բաժանված են առանձին սեկցիաների: «Համոզված ենք, որ այս դասընթացներն օգտակար կլինեն տեղի բուժքույրերի համար, և գործնական աշխատանքում դրական առումով կազդեն սպասարկման որակի վրա» , -ասաց ԱլինաՔուշկյանը` հավելելով, որ դասավանդող բոլոր մասնագետներն ունեն հավաստագրեր` համապատասխան դասընթացներ անցկացնելու համար:
Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջին նվիրաբերեց դասագրքեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, «Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի նմուշներ:
Համագումարի շրջանակում հետ դիպլոմային կրթական դասընթացները կշարունակվեն ևս մեկ շաբաթ: