211652_close_icon
views-count2084 դիտում article-date 20:15 13-04-2014

Ամբողջությամբ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում. Հովիկ Աբրահամյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում այսօր կայացել են ՀՀԿ գործադիր մարմնի, այնուհետ կուսակցության խորհրդի նիստերը: ՀՀԿ խորհրդի նիստի օրակարգում եղել են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուի հաստատման հարցը և այլ հարցեր: Խորհրդի նիստում ելույթներով հանդես են եկել ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը: ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, վստահության, սատարման և այդ ջերմ խոսքերի համար: Շնորհակալ եմ հարազատ կուսակցությանս այս ուժեղ և հիմնավոր աջակցության համար: Շնորհակալ եմ նաև Տիգրան Սարգսյանին այն աշխատանքի համար, որն արվել է այս տարիների ընթացքում: Պարո՛ն Նախագահ, Ամբողջությամբ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն եմ ստանձնում: Ես ինձ վստահ եմ զգում Ձեր սատարմամբ, ուժեղ եմ մեր կուսակցությամբ և հավատում եմ մեր հաջողություններին: Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի մի զգալի մասն այսօր ապրում է ոչ բարեկեցիկ: Առաջնահերթ խնդիրը Հայաստանի քաղաքացու` իր երկրում արժանավայել ապրելու հնարավորության ստեղծումն է: Սա է լինելու մեր բոլորի գերնպատակը: Եվ ձևավորվող կառավարությունն է, որ պետք է ստանձնի պատասխանատվությունը ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար: Ակնկալում եմ նաև կառուցողական աշխատանք Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի հետ: Պարո՛ն Նախագահ, Եվս մեկ անգամ շատ շնորհակալ եմ այս վստահության համար: Բոլոր իմ հաջողությունները եղել են Հանրապետական կուսակցության շնորհիվ, Ձեր սատարման շնորհիվ և այս անգամ ևս Հանրապետական կուսակցության առաջարկով ես առաջադրվում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնին: Դա անելու եմ գիտակցումով և մեծ նվիրումով:

Նմանատիպ նյութեր